Պաշտոնական պարզաբանում

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 456-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենգիրք) 325-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ՝ հարկային պարտավորությունները մարվում են նախ միասնական հաշվում առկա գումարների հաշվին, այնուհետև՝ գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում առկա՝ մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելն առաջացած գերավճարի հաշվին: Մարումներն իրականացվում են նույն մասում նշված գումարների առկայության օրով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի պարտավորությունները նախ մարվում են համապատասխանաբար՝ տվյալ հարկատեսակի դեբետային գումարների հաշվին, ապա՝ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:

Օրենսգրքի 456-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով  (այդ թվում՝ ճշտված) առաջացող պարտավորությունները և դեբետային գումարները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝  օրենսգիրքն ուժի մեջ մտնելուն հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող հարկային պարտավորությունների մարումն առաջնահերթորեն կատարվում է հարկ վճարողի անձնական հաշվի քարտում առկա դեբետային մնացորդի, հետո նոր միայն՝ միասնական հաշվին առկա գումարների հաշվին:

Ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով՝ վերոնշյալ դրույթների կիրառության հետ կապված պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Օրենսգրքի 456-րդ հոդվածի 7-րդ մասում նշված՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտում առկա դեբետային մնացորդ համարվում է՝

1) 2018 թվականի հունվարի 1-ից հետո սկսվող հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված՝ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հարկային հաշվարկներով առաջացած դեբետային գումարը,

2) 2017 թվականի 4-րդ եռամսյակի և 2017 թվականի դեկտեմբեր ամսվա հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված՝ ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի հարկային հաշվարկներով առաջացած դեբետային գումարը,

3) 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջանների համար 2018 թվականի հունվարի 1-ից հետո առաջին անգամ ներկայացված՝ ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի հարկային հաշվարկներով առաջացած դեբետային գումարը,

4) 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստուգման ակտով առաջադրված դեբետային գումարը:

2. 2018 թվականի հունվարի 1-ից հետո սկսվող հաշվետու ժամանակաշրջանների, 2017 թվականի 4-րդ եռամսյակի և 2017 թվականի դեկտեմբեր ամսվա համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունները մարվում են հետևյալ հերթականությամբ.

1) սույն պարզաբանման 1-ին կետում նշված դեբետային գումարների հաշվին,

2) միասնական հաշվում առկա գումարների հաշվին,

3) մինչև  2018 թվականի հունվարի 1-ը ավարտված՝ վերջին հաշվետու ժամանակաշրջաններից (2017 թվականի 4-րդ եռամսյակի և 2017 թվականի դեկտեմբեր ամիս) տարբերվող (բացառությամբ 2018 թվականի հունվարի 1-ից հետո առաջին անգամ այդ ժամկետին նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներով) հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված՝ ավելացված արժեքի հարկի  կամ ակցիզային հարկի հարկային հաշվարկներով առաջացած՝ դեբետային գումարների հաշվին,

4) մինչև Օրենգիրքն ուժի մեջ մտնելն առաջացած գերավճարի հաշվին:

3. Մինչև  2018 թվականի հունվարի 1-ը ավարտված հաշվետու ժամանակաշրջանների (բացառությամբ 2017 թվականի 4-րդ եռամսյակի և 2017 թվականի դեկտեմբեր ամսվա) համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունները  2018 թվականի հունվարի 1-ից հետո մարվում են հետրյալ հերթականությամբ.

1)  հարկ վճարողի անձնական հաշվի քարտում առկա դեբետային գումարի հաշվին,

2) միասնական հաշվում առկա գումարի հաշվին

3) մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելն առաջացած գերավճարի հաշվին:

4. Սույն պարզաբանման մեջ  «գերավճար» հասկացությունը կիրառվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի թիվ 1 հավելվածի 2.1-ին կետով տրված սահմանմանը համապատասխան:

Category: My articles | Added by: accnextstep (09.26.2019)
Views: 146 | Rating: 5.0/1
Total comments: 0